ԵՐԵՒԱՆ.- Լոս Անջելոսում եւ Բերլինում հաստատուած «Հաքաուաթի» (պատմասան) շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնը Դեկտեմբեր 20ին յայտարարեց, որ համագործակցելու է «Սանտենս» հիմնարկին եւ Film Independent-ի հետ՝ սիրիական պատերազմից տուժածների համար ֆիլմի ստեղծագործական երկամսեայ համապարփակ աշխատարանին իրակամացման համար՝ The Hakawati Project («Հաքաուաթի նախագիծը») անունով:
Հայաստանում հիւրընկալուող նախագիծը տաղանդի խրախուսման ու զարգացման հարթակ է տալու սիրիացիների, քրդերի, լիբանանցիների, յորդանանցիների, թուրքերի, իրաքցիների եւ հայերի համար, ինչպէս նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց վրայ զգացել են պատերազմական աղէտը եւ կիսում են սիրիական պատերազմի հասցրած ցաւը: Եօթ աշխատարանների (բեմագրութիւն, արտադրութիւն, բեմադրում, նկարահանում, դերասանական վարպետութիւն, ֆիլմի երաժշտութիւն, ձայն եւ ձեւաւորում եւ խմբագրում) արդիւնքում վեց կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանուելու, որոնք կը լուսաբանեն սիրիական ճգնաժամը նորովի, առայժմ չտեսնուած անկիւնից։ Նախագիծը սեփական պատումը ժողովրդականացնելու միջոցով օգնելու է այս ձայները լսելի դարձնելու ջանքին: Առաջնակարգ մասնագէտները կը հետեւեն վեց ֆիլմերի արտադրմանը, այնուհետ ֆիլմերը կը ցուցադրուեն ամբողջ աշխարհում:
«Հաքաուաթի նախագիծ»ի համահիմնադիր եւ «Սանտենս»ի անդամ, դերասանուհի, գրող, ֆիլմ արտադրող Սոնա Թաթոյեանը նշում է. «Այս նախագծով մեր պատմասանների խումբն ու գործիչները փորձելու են ձայն տալ սիրիական ճգնաժամից տուժողների պատումին: Սա նեղ անձնական խնդիր է ինձ համար: Հայոց Ցեղասպանութիւն վերապրածների ժառանգ լինելով, փոքր հասակից, ես խորապէս համոզուած էի, որ նա ում ձեռքում պատմութիւնն է, զօրաւոր է, քանի որ մենք մի աշխարհում ենք ապրում, որ գործում է պատմութեան միջոցով: Սիրիայի ներկայիս պատերազմից անմիջականօրէն վնասուած հարազատ ընտանիքս աչքի առաջ ունենալով, ես գիտէի, որ պէտք է օգնէի լսելի դարձնելու միջազգային լրատուամիջոցներում յաճախ լռեցուողների ձայները: Յուսով եմ, որ նախագիծը ստեղծարար եւ համագործակցային գործընթացի միջոցով կամուրջներ կը ստեղծի այս ճգնաժամի հետեւանքով վնասուած համայնքների եւ առհասարակ համաշխարհային հանրութեան միջեւ»։
Համագործակցելու նպատակով հիւրընկալուող երկրում մի շարք հեղինակաւոր կառոյցներին ու գործակալութիւններին ներգրաւելու քայլեր են կատարուել, ի թիւս որոնց՝ ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ Հայաստանի անկախ ֆիլմարտադրողների ակումբը: